Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց որ կատարելագործվելու տեղ չունի «Ժիգուլին». Կոնջորյանը՝ ընդդիմությանը

«Մենք դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ: Սա առաջին Կառավարության ծրագիրն է խաղաղության պայմաններում: Մեր ժողովրդին հիմա մատուցում ենք զարգացման օրակարգ»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ ընդդիմությունը միշտ իր ինքնության մեջ պատկերացնում է, որ ՀՀ-ն անընդհատ պետք է լինի գոյաբանական կռվի մեջ. «Մենք հասել ենք մեր ավետյաց երկիրը, որի հետ ընդդիմությունը պրոբլեմ ունի, որովհետև չի ճանաչում այդ ավետյաց երկիրը: Սահմանների ապաշրջափակումից առաջ մենք անցել ենք մի ուրիշ շրջափակման միջով, գաղափարապես ենք ապաշրջափակվել, հնարավոր չի սահմանները բացել առանց միտքը բացելու: Այնքան է ընդդիմությունը մեզ և մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ կերակրել այդ երևակայական հայրենիքի պատկերացումներով, որ այդ իրական Հայաստանը շատ դեպքերում մարդկանց համար ընկալվում է որպես օտար մի բան: Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունը կոչվում էր Քյոլանլու, ներկա անունը, որը փոխվել է՝ Գրիբոյեդով է: Սա դաշնակցական աշխարհընկալման լավագույն կոմֆորտի պայմանն է, իրենք կարող են նավարկել այս հասկացությունների շուրջ, իրենց դեպքում երկուսն էլ հայերեն են, որովհետև այդ նույն աշխարհընկալման մեջ, որտեղ Կտրիճ Ներսիսյանը Վեհափառ է, նույն աշխարհընկալման մեջ Դավալուն հայերեն է: Ոչ մի բան, որ իսկապես հայերեն է, հայերեն չէ իրենց համար, որովհետև իրական Հայաստանն իրական չի իրենց համար»:

Հայկ Կոնջորյանը նկատեց, որ ընդդիմությունը հիմա էլ ատոմակայանի ախտով է տառապում. «Չեմ զարմանա, որ ելույթ լինի, ասեն՝ դուք ուրանում եք ատոմակայանը: ՀՀ-ում բացվում է արհեստական բանականության գործարանը և փակվում է ընդդիմության բնական բանականությունը, որը մեզ տասնամյակներ շարունակ պահել է այդ անցյալի անընդհատ կրկնվող փոցխի վրա, որ ամեն անգամ գնացել կանգնել ենք այդ փոցխի վրա և հետևանքը միշտ կրել է ՀՀ ժողովուրդը: Երբ ՀՀ-ն իսկապես ազատագրվել է, իրենք հայտնվել են ճգնաժամի առջև, հիմա իրենք զբաղվելու բան չունեն: Մենք կարող ենք 7 տարի մնալ նույն դասարանում, հետո փոխադրվել 8-րդ դասարան, դուք մշտապես 1-ին դասարանում եք: Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց որ կատարելագործվելու տեղ չունի «Ժիգուլին»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ