Ես ավելի բարոյական մարդ եմ, քան Կտրիճ Ներսիսյանը. Ռուբեն Ռուբինյան

Ընդհանրապես, ես ավելի բարոյական մարդ եմ, քան Կտրիճ Ներսիսյանը։ Այսպիսի հայտարարություն արեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ։

«Մի գահ, որը կոչվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի գահ, մի պաշտոն, որը կոչվում է Ամենայն Հայոց հայրապետ, մի քանի բան է նշանակում։ Առաջին՝ որ այս մարդը պետք է լինի բոլոր հայերինը, ոչ թե միայն Ռոբերտ Քոչարյանինը, Սամվել Կարապետյանինը, Սերժ Սարգսյանինը և իր ԿԳԲ-ի ագենտ եղբորինը։ Մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։ Մեր եկեղեցու ղեկավար է մի մարդ, ում անունը չի կարելի տալ։ Գեղարվեստական գրականության մեջ այդպիսի կերպար կար չէ՝ «նա, ում անունը չի կարելի տալ»։ Լորդ Վոլդեմորն է դարձել էդ մարդը։ Դարթ Վեյդերն է դարձել էդ մարդը։ Դա նորմալ չէ»,— ասաց Ռուբինյանը։

Ըստ խորհրդարանի նախագահի՝ Կաթողիկոսը վիրավորում է բոլորի կրոնական զգացմունքները, քանի որ ունի զավակ և հրապարակավ չի ճանաչում այդ փաստը, ինչը նրան «պարկեշտ մարդ» չի դարձնում։ «Ինքը ոչ միայն լավ հոգևորական չէ, այլ նաև լավ մարդ չէ»,— ասաց Ռուբինյանը։

Ռուբինյանի խոսքերով՝ 700 հազարից ավելի քաղաքացու քվե ստացած քաղաքական ուժի պնդումը, որ Կաթողիկոսին պետք է հեռացնել, և այն փաստը, երբ նրա ավազանային անունը հնչելուց անընդհատ աղմուկ է բարձրանում ԱԺ-ում, նշանակում է, որ նա «Ամենայն Հայոց» չէ։

«Ինքը պառակտիչ է։ Ինքը պետք է հեռանա հանուն դրա, մնացած պատճառները պետք է մի կողմ դնել»,— ասաց Ռուբինյանը։

«Եթե մենք ուզում ենք մեր այս կաֆկայական իրականությունը վերադարձնել նորմալ հուն, ուրեմն «Ուժեղ Հայաստանը» թող գա, ասի՝ ինչ է առաջարկում։ Իրական տարբերակ մեկ՝ թող նախ խոսեն Կտրիճ Ներսիսյանի հետ։ Ամոթ է, հայրը պետք է ճանաչի իր զավակին։ Ի՞նչ հայր է, որ չի ճանաչում իր զավակին։ Թող դուրս գա, ասի՝ դուստր ունեմ։ Երկրորդ՝ եթե «Ուժեղ Հայաստանը» համարում է, որ մեզ պետք է ժառանգական կաթողիկոսարան, թող հայտարարի դրա մասին, և կքննարկենք։ Կարող է նաև շատ լիբերալ ուղղությամբ գնալ՝ առաջարկել, որ կին կաթողիկոս ունենանք՝ ի դեմ Կտրիճ Ներսիսյանի դստեր։ Եթե այս ամենը չեն հայտարարում, թող այս կրկեսը դադարեցնեն»,— ասաց խորհրդարանի նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ