ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում։

Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի հայտարարությունը։

«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա»,- ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։

Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։

«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, բազա, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումն արտոնյալ պայմաններով»,- ասել է նա։

Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքերը ՀԱՊԿ-ում, և կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է։

«Ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, և, ի դեպ, կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից: Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից: Համենայն դեպս, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել էր նա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիայս հայտարարությանը՝ նշելով․

«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և այս կազմակերպությունից դուրս գալու»,- լրագրողներին ասել է նա։

Վերջերս ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Հայաստանին ՀԱՊԿ մարմիններում քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ