![]()
2026 թվականի դրությամբ ՔԿՀ-ներում չի եղել գեթ մեկ մարդ, որն ընտրակաշառք տալու համար նստած լինի բանտում՝ չնայած այն փաստին, որ 2021-ի ընտրությունններից հետո էլ այդ թեմայով քրեական գործեր են հարուցվել:
Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դիտարկմանը, թե 2018 հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից էր ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ընտրակեղծիքներից, ընտրակաշառքներից զերծ ընտրությունների անցկացումը։
Ըստ Փաշինյանի՝ նախորդ շրջանի ընտրակաշառքներից զրո մարդ է նստած, և սա այն դեպքում, երբ դատական համակարգը պատասխանատու է դրա համար:
«Հայաստանում կա՞ գոնե մի մարդ, որ չգիտի՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը նախորդող շրջանի բոլոր ընտրություններում բաժանել է ընտրակաշառք: Բա ո՞նց է այդ մարդը գնացել դատական համակարգով արդարացվել: Ո՞վ է ուզում ասել, որ այդ որոշումը, դատավճիռը կայացվել են ձրի և արդար: Ո՞վ է սրա պատասխանը տալու:
Հիմա էլ ես ասում եմ՝ եթե այս ընտրակաշառքներով որևէ մեկը ազատության մեջ հայտնվի, նշանակում է, որ մենք մեր դատական համակարգը ոչ թե պիտի բարեփոխենք, այլ պիտի քանդենք, զրոյից նորից հավաքենք: Սա այն դեպքն է, երբ կասեն՝ բա ի՞նչ է դատական համակարգը: Սա այն դեպքն է, երբ ՀՀ դատական համակարգն ընտրակաշառքի հովանավոր է, որովհետև այդ դատական համակարգը ստեղծվել է ընտրակաշառատուների կողմից ընտրությունների կեղծման և հանրաքվեի արդյունքների կեղծման արդյունքում։
Ես դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք, ինչո՞ւ պիտի էդ պատասխանը ես տամ: Ինչո՞ւ պիտի ես տամ պատասխանը, թե ինչքան կոռումպացված մարդ կա ՀՀ-ում, միլիոնատերեր են այս դահլիճում նստած»,- ասել է վարչապետը:
![]()