Մակրոնը հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ հրթիռներ տրամադրելու մասին

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ հակաօդային պաշտպանության որսիչ հրթիռներ՝ երկրի օդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Կրիվոյ Ռոգի ուղղությամբ ռուսական հարվածից հետո։

Մակրոնի խոսքով՝ հարվածից հետո ինքը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտնել Փարիզի «ուժեղացված աջակցության» մասին, այդ թվում՝ որսիչ հրթիռների մատակարարման վերաբերյալ։

«Չափազանց կարևոր է Ուկրաինային տրամադրել իր օդային տարածքը պաշտպանելու և ագրեսիան հետ մղելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները», -գրել է Մակրոնը X-ում։

Ֆրանսիայի նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ Մոսկվան «հրաժարվում է դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղություն հաստատել»։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Մակրոնի հետ իր զրույցը տևել է գրեթե երկու ժամ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի՝ ՀՕՊ համակարգերի և հրթիռների կարիքները, պաշտպանության ֆինանսավորումը, գործընկերների հետ դիվանագիտական շփումները, ինչպես նաև ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ