Մենք ծրագրեր ենք անում, որ քաղաքացին աշխատի ու չմնա ընտրակաշառքների, կոմբայնների, շալվարների հույսին. Հակոբյան

«Ձեր ֆրակցիայի անդամները եկել, կանգնել ու ասում են՝ սիրելի՛ քաղաքացիներ, փոփոխությանը հավատացեք: Ժողովուրդը ձեր փոփոխությանը չի հավատացել, չի ընտրել ձեզ ու տարբերում է իրականությունը մանիպուլյացիայից»:

Այս մասին ԱԺ-ում իր ելույթում՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանն ու պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանին, ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

«Ասում եք՝ ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը ընտրությունների ժամանակ հավասար եթերաժամանակ չի տրամադրել: Ճիշտ եք ասում, հավասար չի եղել, ձեզ ավելի շատ ժամանակ է տրամադրվել: Հանրայինը կանչել է 4 անգամ բանավեճի և 4 անգամն էլ մերժվել է, դրա համար է եղել տպավորություն, թե մենք շատ ենք երևում, դուք՝ քիչ:

Տիկին Ղահրամանյան, լինելով լրագրող էլ, ես չեմ հիշում, որ գոնե 1 անգամ հրավիրած լինեք ինձ կամ իմ գործընկերներին՝ որպես լրագրող»,- ասել է Հակոբյանը:

Նա նշել է, թե նախընտրական շրջանում խմբակցությունը տվել է ամենապոպուլիստական խոստումները, որ եղել են աշխարհում, բայց չի ստացել բավարար ձայներ անգամ թիրախավորված Կիրանցում կամ Տիգրանաշենում: Սա, ըստ պատգամավորի, այն բանի հետևանք է, որ ժողովուրդը սկսել է տարբերակել պոպուլիզմն ու իրականությունը:

«Անգամ անապահով խավի համար տրվող մի քանի գրոշը չէիք թողնի, որ տեղ հասնի թիրախավորված մարդկանց: Մենք կարծում ենք՝ ժողովուրդը պետք է աղքատության ճիրաններից դուրս գա: Մենք չենք ուզում, որ քաղաքացին, որը կարող է աշխատել ու ստանալ, օրինակ, 200 հազար դրամ, չաշխատի ու ստանա 20 հազար դրամ անապահովության նպաստ: Դրա համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք անում, որ քաղաքացին չմնա ընտրակաշառքի, կոմբայնների, շալվարների ու չգիտեմ ինչերի հույսին: Մեր ծրագրերն արդեն տալիս են իրենց արդյունքները»,- հավելել է Հակոբյանը:

Նա նշել է, որ նվազել են աղքատ և ծայրահեղ աղքատ մարդկանց թվերը և արվելու է ամեն բան, որ այդ թվերն ավելի նվազեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ