![]()
«Ուժեղ Հայաստան» դաշինքը, որ պահանջում էր նիստերը երկարացնել և հասցնել մինչև անգամ 24:00-ն, 50 տոկոսով բացակայում է ԱԺ դահլիճից, շուրջ 80 տոկոսով բացակայում է նաև «Հայաստան» դաշինքը:
Նշեմ, որ քննարկումներից բացակայում է նաև օրվա երկրորդ կեսի «հերսո, Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Հարություն Հարությունյանը, որը, ըստ ժանրի կանոնների, պետք է լսեր մեր ելույթներն ու արձագանքեր դրանց»:
Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նա հավելել է, որ անդրադառնալով Եվրոպական ինտեգրման գործընթացին, կարող է նշել, որ այդ գործընթացը չի ավարտվում Եվրոպական միության անդամակցությամբ, դա չվերջացող գործընթաց է:
«Եվրոպական ինտեգրման հանգրվանը Եվրոպական միությանն անդամակցությունն է ասելը, սխալ է: Թեկնածուն, մեղմ ասած, չի պատկերացնում, թե ինչ է եվրոպական ինտեգրումը: Պարոն Հարությունյան, երբ արդեն ասել եք, որ ԵՄ անդամակցությանը կողմ եք, հույս ունեմ՝ եթե հանկարծ ինչ-որ պահի քննարկում լինի Ուկրաինայում առաքելություն տեղակայելու մասին, դուք կողմ կքվեարկեք: Ի դեպ, Եվրոպական միության անդամակցությունը հացի հերթ չի, որ դուք ներկայացնում եք՝ երկրները հերթ են կանգնած: Դա քայլերի հաջորդականություն է, հացի հերթ չէ, որ երկրներին հերթով վաճառեն անդամակցությունը: Հարց է առաջանում՝ դուք այս հանձնաժողովն ընտրել եք, որ վերահսկե՞ք ԵՄ անդամակցությունը, թե՞ վերահսկեք, որ նման գործընթաց չսկսվի:
Որպես Եվրոպական ինտեգրման ջահը վերցրած քաղաքական ուժ, դուք այս ամբիոնից չեք կարողանում անգամ ասել՝ հիբրիդային սպառնալիքները գալիս էին Ռուսաստանից, Ուկրաինան Եվրամիության անդամակցության թեկնածու է և պետք է շատ նորմալ ընդունեք Զելենսկու այցը:
Մարդը, որն ուզում է առաջնորդել այս հանձնաժողովը, պետք է ունենա մինիմալ գիտելիքներ, որ կարողանա առաջ տանել օրակարգը: Սցենարը կարող է կրկնվել. ընտրել եք Եվրաինտեգրման հանձնաժողովը, որ կրկնեք Սերժ Սարգսյանի սցենարը, մենք 13 թիվը տեսել ենք»,- ասել է Ղազարյանը՝ դիմելով Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Հարություն Հարությունյանին:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը։
![]()