![]()
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածության քննարկման ժամանակ բանավեճ է եղել ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև։
Լևոն Քոչարյանը հարց է ուղղել Լիանա Մանուկյանի կենսագրությունը ներկայացնող «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին և իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու կոնտեքստում օգտագործել «գործ տալ» արտահայտությունը։
«…Եթե չեմ սխալվում, պատգմավորներից մեկն ասաց, որ Ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ, ժողովրդի լեզվով ասած, գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա՞ այս մասով…»,- հարցրել է Քոչարյանը։
Վահագն Ալեքսանյանն ընդհատել է Լևոն Քոչարյանին և հորդորելքրեական ենթամշակույթին բնորոշ բառապաշար խորհրդարանում չօգտագործել։
«Պարոն Քոչարյան, կներեք, Ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է»,- հայտարարել է Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին տալով նախազգուշացում։
Լևոն Քոչարյանն առարկել է ԱԺ փոխնախագահի որոշմանը՝ հորդորելով չընդհատել իրեն:
Վահագն Ալեքսանյանը հրահանգել է անջատել Լևոն Քոչարյանի խոսափողը և հայտարարել.
«Պարոն Քոչարյան, ես եմ խոսում, լսեք ինձ։ Ասում եմ, որ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանում չկա նման բան, ու չկա մի պատգամավոր, որ կարող է այս դահլիճում ոստիկանությանը հաղորդում ներկայացնելն անվանել «գործ տալ»: Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի»։
Դրանից հետո բանավեճ է սկսվել Լևոն Քոչարյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի միջև։
Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում է հայտարարել նաև Արման Եղոյանին, սակայն Եղոյանը շարունակել է տեղից բղավել, ինչից հետո Վահագն Ալեքսանյանը հայտնել է, որ Արման Եղոյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսափողից օգտվելու հնարավորությունից։
![]()