Ինչպես է վթարի ենթարկված զինծառայողների առողջական վիճակը

Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում. նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ:

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:

«Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,- մանրամասնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին դեռևս չպարզված հանգամանքներում քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- ասվում էր ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ