![]()
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 36-ամյա Դավիթ Բ․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Աբովյան փողոցի 1/3 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետում Դավիթ Բ․-ն, ցանկանալով գարեջուր վերցնել, կոտրել է մեկ շիշ գարեջուր, որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։
Սուպերմարկետի աշխատակցի կողմից դիտողություն ստանալուց հետո նրանց միջև փոխադարձ հարվածներ են հասցվել։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել սուպերմարկետի աշխատակից, Երևանի բնակիչ 17-ամյա Վ․ Ս․-ն և 36-ամյա Դավիթ Բ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
![]()