![]()
Օգոստոսի 20-ին Կիևի վրա ռուսական զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 23-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։
Հարձակման հետևանքները գրանցվել են քաղաքի Դարնիցկի, Սվյատոշինսկի և Սոլոմենսկի շրջանների ավելի քան 12 վայրերում։
Վնասվել են բնակելի շենքեր, բժշկական հաստատություն և ուսումնական հաստատություն։ Բացի այդ, մեծ տարածքի վրա գտնվող պահեստային շինություններում հրդեհներ են բռնկվել։ Ներկայումս համապատասխան ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքների վերացման ուղղությամբ։
Ավելի վաղ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել էր նաև Սոլոմենսկի շրջանում ապաստարանում արգելափակված մարդկանց մասին։ Այնտեղ վնասվել է դպրոցի շենքը։
Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարվածների։ Ընդհանուր առմամբ, 15 րոպեի ընթացքում քաղաքի ուղղությամբ արձակվել է մինչև 20 հրթիռ։ Մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ միաժամանակ կիրառվել է բալիստիկ հրթիռների երեք տեսակ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմին կից Հակատեղեկատվական պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն նախազգուշացրել էր, որ ռուսական զորքերը կարող են նոր հարված պատրաստել Ուկրաինայի ուղղությամբ։
![]()