Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ի իրականացմանն առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է Դեյվիդ Ալենին Արդարադատության նախարարություն այցի համար և բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացումը՝ այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման համատեքստում։

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի կողմից իրականացվելիք ծրագրի շրջանակներում:

Անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթություններին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակումը, որտեղ, ի թիվս այլնի, հասցեագրվելու են կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և դատաիրավական համակարգի բարեփոխումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտներին, իրավական փոխօգնությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Սրբուհի Գալյանը Դեյվիդ Ալենին հրավիրել է նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ամենամյա «Արբիտրաժային շաբաթ» միջոցառմանը։ Իր հերթին Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ հետաքրքրություն հայտնելով ոլորտի հետագա զարգացման և հնարավոր համագործակցության ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ