Անձամբ եմ տեսել՝ գերիների հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում, և այդ մասին չի խոսվել. Բաղդասարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով գերիների և պահվող անձանց վերադարձի գործընթացի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, նշել է, որ 6 տարի լռել է այդ թեմայի մասին, սակայն գործընթացի հետևողական ժխտումների պայմաններում այլևս դժվար է լռել։

Բաղդասարյանի խոսքով՝ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքներն սկսվել են դեռևս 2020 թվականի պատերազմի օրերից և շարունակվել դրան հաջորդած շրջանում։ Նա հիշատակեց Խծաբերդի և Հին Թաղերի դեպքերը՝ ընդգծելով, որ դրանցից ժամեր անց ինքը և իր ֆրակցիայի մեկ այլ գործընկեր մեկնել են Արցախ և օրեր շարունակ զբաղվել այդ գործընթացներով․

«Գործընթացը եղել է ծանր, ցավոտ։ Այդ մասին այս ամբիոնը երբեք չի օգտագործվել, որովհետև այդ մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում։ Այդ մասին լռում են ու գործ են անում»,-ասել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ այդ առաքելությունն իշխանությունը ստանձնել է ամենօրյա ռեժիմով, իսկ միջազգային հանդիպումների ընթացքում անձամբ է տեսել, թե գերիների վերադարձի հարցն ինչ տեղ է ունեցել իշխանության օրակարգում։

Բաղդասարյանը ընդդիմության ներկայացուցիչներին հորդորեց խոսել նաև վերադարձած գերիների հարազատների հետ, մասնավորապես՝ Շիրակում, և նրանցից լսել, թե ինչ ճանապարհ է անցել վերադարձի գործընթացը․

«Հիմա եկել եք, այս ամբիոնից խոսո՞ւմ եք»,-եզրափակել է Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ այս հարցում գնահատականները պետք է հիմնված լինեն ոչ միայն հրապարակային հայտարարությունների, այլև տարիների ընթացքում իրականացված աշխատանքի վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ