Դավիթ Առուշանյանն ու Դավիթ Խուդաթյանը դիտարկել են իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկել են իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ պատասխանատուները հետևել են Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարի հետ խոսել ժամկետների ու ծավալների փոփոխության մասին:

2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։

«Նախարարն ու մարզպետը եղել են նաև Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման շինհրապարակում։ Շուրջ 2,44 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 884 մլն 771 հազար դրամ է։ 2025 թվականին ծրագրի շրջանակում իրականացվել են 110 մլն 553 հազար դրամի աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները շարունակվում են։

Շինհրապարակում Դավիթ Առուշանյանը և Դավիթ Խուդաթյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքների ընթացքը, ժամկետների պահպանման հարցերը:

Մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շիրակացի փողոցի շինաշխատանքների ընթացքին, խոսել ճանապարհաշինական նոր մեկնարկող լայնածավալ ծրագրերից։

«Շիրակի մարզում մոտ 50 մլրդ դրամի շինարարություն է արվում, և օր օրի այդ թվերը փոփոխվում, ավելանում են, ամեն օր նոր մրցույթներ են տեղի ունենում, ծավալները շատ մեծ են, մեր աշխատակիցները շինհրապարակներում են, և անում ենք հնարավորը, որ վերահսկողությունը պատշաճ կերպով իրականացվի։ Ինչ վերաբերում է Շիրակացի փողոցին, ապա շինարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։ Գյումրու համար կարևորագույն և գլխավոր փողոցներից մեկն է Շիրակացին, ուստի մեզ համար առաջնահերթ է, որպեսզի աշխատանքները հնարավորինս արագ, բայց միևնույն ժամանակ պատշաճ որակով ավարտին հասցվեն։ Գյումրեցիները պետք է ստանան անվտանգ, բարեկարգ և երկարաժամկետ լուծում, ոչ թե կիսատ կամ ձգձգվող ծրագիր։ Մենք նաև անելու ենք հնարավորը, որ ամենասեղմ ժամկետներում մեկնարկեն նաև մյուս փողոցների ասֆալտապատման աշխատանքները»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Այնուհետև պատասխանատուները ծանոթացել են Մյասնիկյան փողոցում ընթացող աշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությունը մեկնարկել է ապրիլին, իսկ ավարտը նախատեսվում է հոկտեմբերին։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 115 մետր է, երթևեկելի հատվածի մակերեսը՝ 1265 քմ, մայթերի մակերեսը՝ 484 քմ։

Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 44 մլն 666 հազար դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը 20 մլն 99 հազար 835 դրամ է՝ 45 տոկոս։

Շինհրապարակներում քննարկվել են նաև աշխատանքների հաջորդ փուլերը, ժամկետների պահպանման և շինարարության որակի ապահովման հարցերը։ Մարզպետն ու նախարարը կարևորել են, որ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի արդյունքում Գյումրիի բնակիչներն ունենան անվտանգ, բարեկարգ և հարմարավետ երթևեկության պայմաններ։

Շրջայցից հետո նախարարն ու մարզպետը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով իրականացվող Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։

«Մեզ համար խիստ կարևոր է, որ այս գործընթացը կազմակերպվի առանց քաշքշուկների ու ավելորդ ձգձգումների, մինչև սեպտեմբերի վերջ պարզ լինեն շինարարների անունները, որոնք պետք է իրականացնեն աշխատանքները, որպեսզի մյուս տարեսկզբից արդեն լայն թափով ձեռնամուխ լինենք աշխատանքների իրականացմանը, համակարգված աշխատենք և մեր բնակիչներին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառելով բարեկարգենք թաղամասերը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

ՏԿԵ նախարարը լսել է պատասխանատուներին, քննարկել բարձրացրած հարցերն ու հանձնարարել ՎԶԵԲ պատասխանատուներին եռօրյա ժամկետում ներկայացնել առաջիկա անելիքների հստակ գրաֆիկը՝ ընդգծելով ժամկետներն ու գործընթացների տևողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ