![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 7 անձի կողմից ՀՀ սեփականություն հանդիսացած և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի օգտագործմանը հանձնված Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասեցում գտնվող 451.1 քմ մակերեսով հասարակական շինությունն ապօրինի օտարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, դրանց օժանդակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:
«Նախաքննության ընթացքում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով Ա. Ա.-ի (Արմեն Աշոտյան-խմբ.), Գ. Գ.-ի (Գայանե Գասպարյան-խմբ.) և Ա. Ավ.-ի (Արթուր Ավագյան-խմբ.) վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Մյուս անձանց մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել ՀՀԿ անդամ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
Վարույթը վերաբերում է 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնելու հատվածում, Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի համալսարանին պատկանող 208 մլն 908 հզր 500 դրամ արժեքով գույքի ապօրինի օտարմանը և փողերի լվացմանը:
Հիշեցնենք՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի՝ 2009-2016-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանի, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի նախկին պրոռեկտոր Արտյոմ Խաչատրյանի, ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, նախկին պրոռեկտոր Արթուր Այվազյանի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի («Երևան-մոլ»-ի նախկին սեփականատեր) նկատմամբ:
![]()