![]()
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում, որին ծանոթացել է ТАСС-ը։
Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է ԱՊՀ երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
Երկրորդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ Երրորդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
Միևնույն ժամանակ եվրոպական երկրները դարձել են առաջատարներ այն զբոսաշրջիկների թվով, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի վատը։ Նրանց թվում, ովքեր բախվել են հիասթափության, 61%-ը նշել է Եվրոպան։ Ասիային բաժին է ընկել 21%, Աֆրիկային՝ 5%։ Ռուսաստանում ուղևորությունները հայտնվել են վերջին տեղում․ մասնակիցների միայն 0,4%-ն է հայտնել, որ ճանապարհորդությունից հետո սկսել է ավելի վատ վերաբերվել երկրին։
Հետազոտությանը մասնակցել է Ռուսաստանի միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքների ավելի քան 1,2 հազար չափահաս բնակիչ։
Ընդհանուր առմամբ, անձնական փորձը էականորեն ազդում է օտարերկրյա երկրների ընկալման վրա․ հարցվածների 81%-ը հայտարարել է, որ իրենց կարծիքը փոխվում է երկիր այցելելուց հետո։ 43%-ի դեպքում տպավորություններն ավելի լավն են դառնում, 38%-ի դեպքում՝ ավելի վատ։ Եվս 19%-ը ուղևորությունից հետո չի փոխել իր վերաբերմունքը։
«Купибилет»-ում նշել են, որ անձնական տպավորությունները հաճախ ավելի ուժեղ են լինում, քան ԶԼՄ-ների ձևավորած կարծրատիպերն ու պատկերացումները։ Ծառայության կարծիքով,՝ հետխորհրդային տարածքի երկրները կարող են գերազանցել զբոսաշրջիկների սպասումները՝ հասանելիության, հյուրընկալության և հարմարավետ մթնոլորտի շնորհիվ։ Եվրոպայի դեպքում, հակառակը, բարձր գները, վիզային բարդությունները և մշակութային տարբերությունները կարող են նպաստել հիասթափությանը։
![]()