![]()
Հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ։
Միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 16-18-ը Դիլիջանում՝ քաղաքում, որի մշակութային կյանքի ձևավորման և զարգացման հետ անքակտելիորեն կապված են Հովհաննես Շարամբեյանի անունն ու գործունեությունը։
Օգոստոսի 16-ին, ընտանիքի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հ. Շարամբեյանի հուշատախտակի բացման արարողությունը։ Նույն օրը Հ. Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում տեղի կունենա Հովհաննես Շարամբեյանի բրոնզե կիսանդրու բացման արարողությունը։
Հոբելյանական հիմնական ծրագիրը կշարունակվի օգոստոսի 17-ին՝ ժամը 14:00-18:00-ն։ Ծրագրի շրջանակում տեղի կունենա «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը։
Նույն օրը կստորագրվի համագործակցության հուշագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Գրին ռոք» հիմնադրամի միջև՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված 2026-2027 թվականների ծրագրերի և նախաձեռնությունների համատեղ իրականացման նպատակով։ Հուշագիրը հիմք կդառնա հոբելյանական ծրագրի շրջանակում նախատեսվող մի շարք նախաձեռնությունների իրականացման և հետագա համագործակցության զարգացման համար։
Օգոստոսի 17-18-ը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում կանցկացվի «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համագործակցությամբ։
Ցուցահանդեսը Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի կարևոր բաղադրիչներից է։ Այն մեկ հարթակում կհամախմբի տեքստիլ մշակույթի վարպետների Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից՝ ներկայացնելով տարբեր երկրների տեքստիլ ավանդույթները, դրանց պահպանման և փոխանցման փորձն ու ժամանակակից ստեղծագործական մեկնաբանությունները։
Միջազգային ցուցահանդեսի իրականացումն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանն ու հանրահռչակմանը, մասնագիտական նոր կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ Միաժամանակ նախաձեռնությունը նպատակ ունի նպաստելու Դիլիջան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը և Հայկական գործվածքի թանգարանի գործունեության հանրահռչակմանը՝ այն զարգացնելով որպես մշակութային երկխոսության, կրթության և ստեղծարար նախաձեռնությունների հարթակ։
Օգոստոսի 17-ի ծրագիրը կշարունակվի հայ և օտարերկրյա վարպետների ցուցահանդես-վաճառքով, երաժշտական ծրագրով։ Երաժշտական ծրագրով հանդես կգա «ԿԱՅԹ» բենդը։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15:00-18:00-ը ծրագիրը կշարունակվի Հայաստանից և արտերկրից ժամանած վարպետների մասնակցությամբ վարպետաց դասերով։ Այցելուները հնարավորություն կունենան անմիջականորեն ծանոթանալու տարբեր տեքստիլ ավանդույթներին և տեխնիկաներին, հաղորդակցվելու վարպետների հետ, բացահայտելու տարբեր մշակույթների ընդհանրություններն ու առանձնահատկությունները և մասնակցելու ստեղծագործական գործընթացին։
![]()