Ինչու է «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ-ում Էդգար Ղազարյանի տեղը փոխել

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանել է՝ ինչու է ԱԺ նիստերի դահլիճում Էդգար Ղազարյանի նստելու տեղը փոխվել։

«Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, հաշվի ենք առել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ են դրված ժողովրդի կողմից, կարծում եմ՝ այն, թե ով ում կողքն է նստած, համալսարանական խոսույթ է»,- ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նստելու տեղերի փոփոխություն միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի եղել, նման փոփոխություն կատարվել է նաև ՔՊ խմբակցությունում։

«Նման տեղափոխություններ էլի լինելու են, և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն: Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել էր, թե որպեսզի լինեն արդար, ինքն ու խմբակցությունը ինչ-որ չափով կիսում են մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը:

Ռուբեն Ռուբինյանը խնդրել էր գնահատական տալ տեղի ունեցածին, Նարեկ Կարապետյանը արձագանքել էր. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:

Այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց էր ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:

«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել էր Ղազարյանը:

Ռուբինյանը հարց էր ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:

«Ո՛չ»,- կարճ պատասխանել էր Կարապետյանը:

Ռուբինյանն արձագանքել էր՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ