![]()
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը, և որոշում է կայացվել, որը բաղկացած է 2 մասից: Մեկը հրապարակային է, մյուսը՝ ոչ:
Այս մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով. «Հրապարակային որոշումն այն է՝ Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրելու»:
Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն: Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել էր, թե որպեսզի լինեն արդար, ինքն ու խմբակցությունը ինչ-որ չափով կիսում են մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը:
Ռուբեն Ռուբինյանը խնդրել էր գնահատական տալ տեղի ունեցածին, Նարեկ Կարապետյանը արձագանքել էր. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:
Այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց էր ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:
«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել էր Ղազարյանը:
Ռուբինյանը հարց էր ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:
«Ո՛չ»,- կարճ պատասխանել էր Կարապետյանը:
Ռուբինյանն արձագանքել էր՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:
![]()