![]()
«ԱԺ-ում պատգամավորները պետք է ունենան քաղաքացիների համար օրինակելի վարքագիծ, եթե դրանք օրինակելի չեն, նշանակում է՝ ԱԺ պատգամավորին ՀՀ ընտրողները պետք է իրավունք ունենան հետ կանչելու: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է անընդհատ զգա քաղաքացիների պատժելու իրավունքը»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հնչեցրած «սրիկայաբար» արտահայտությանը՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ պետք չէ պատգամավորի դաստիարակությամբ զբաղվել. «Եթե մարդ ԱԺ-ում հայհոյում է, ուրեմն վատ դաստիարակություն է ստացել, հարկավոր է նրան դուրս շպրտել ԱԺ-ից, ոչ թե կանչել ու գլխին քարոզ կարդալ, դա պետք է մանկապարտեզում կան տանն արած լինեին: Խայտառակություն է, որ Ազգային ժողովում նման մարդ է հայտնվել: Խորհրդարանում 2 ուժ հակապետական է, հայտարարել են, որ հայկական պետության գոյությանը դեմ են, իրենց ծրագիրն է՝ Հայաստանը դարձնել այլ պետության ծայրագավառը»:
Ազատ Արշակյանը նկատեց, որ ընդդիմությունը վարկաբեկում է պետական ինստիտուտը. «Նրանք ՀՀ-ն հեղինակազրկողն են, Էդգար Ղազարյանը՝ որպես ՀՀ-ն հեղինակազրկող, գերազանցիկ է: Ես չեմ կարծում, որ նրանց խմբակցությունում այլ կարծիք ունեն, նրանք բոլորն էլ նույն ծրագիրն ունեն, բոլորը միասին Էդգար Ղազարյան են, Ղազարյանը նրանց մարմնացումն է, իրենց խոսնակն է: Նրանք չեն կարող վերադառնալ բարեկրթության սահմաններին, որովհետև բարեկիրթ չեն, նրանք քաղաքական հատուկ դիվերսանտներ են՝ հայկական պետությունն արժեզրկելու, թուլացնելու և քայքայելու համար»:
![]()