![]()
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:
«ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:
Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:
«Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:
Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:
Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն: Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը արձագանքել էր, թե որպեսզի լինեն արդար, ինքն ու խմբակցությունը ինչ-որ չափով կիսում են մտահոգությունը, և խմբակցությունում տեղի կունենա նիստ, կքննարկվեն հետագա քայլերը:
Ռուբեն Ռուբինյանը խնդրել էր գնահատական տալ տեղի ունեցածին, Նարեկ Կարապետյանը արձագանքել էր. «Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»:
![]()