Սարգիս Խանդանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկում Սարգիս Խանդանյանին:

Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրեց խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը:

Սարգիս Խանդանյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Գավառում:

Խանդանյանը 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան, 2013 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը՝ ստանալով անթրոպոլոգիայի գիտության մագիստրոսի աստիճան։

2010-2015 թվականներին աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամում, 2011-ից եղել է «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող և հաղորդավար:

2014-2015 թվականներին աշխատել է Change.org կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակում որպես մեդիաարշավների, հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու։

2015-2016 թվականներին Խանդանյանը եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակների հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու:

2016-2018 թվականների աշխատել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր։

2018-ի հունիսի 1-ին նշանակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2019-ին ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով: 2021-ի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՔՊ կուսակցության համապետական ընտրական ցուցակով, 2023-ի փետրվարի 9-ին ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Խանդանյանը ՔՊ կուսակցության անդամ է, կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն:

Իր ելույթում Խանդանյանը՝ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ժողովրդին՝ ՔՊ կուսակցությանը վստահելու և կառավարություն ձևավորելու մանդատ տալու համար:

«Նախորդող շրջանի թե՛ քարոզարշավի, թե՛ դրան նախորդող շրջանի Հայաստանի հանրային-քաղաքական խոսակցության հիմնական թեման եղել է խաղաղության գործընթացը, արտաքին և անվտանգային քաղաքականությունը և Հայաստանի ժողովուրդը վստահել է ՔՊ-ին՝ շարունակելու այդ քաղաքականությունները»,- հայտարարեց Խանդանյանը:

Նրա խոսքով՝ նախորդող տարիներին որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ իր հիմնական խնդիրներից է համարել աջակցել ՀՀ արտաքին քաղաքականության իրագործմանը, ներկայացնել և բացատրել այն մեր միջազգային գործընկերներին, դրա շուրջ հնարավորինս լայն համախոհություն ձևավորել երկկողմ ու բազմակողմ խորհրդարանական հարթակներում և դրանով նպաստել ՀՀ դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ