![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր էջում հրապարակել է քաղաքի երգող շատրվաններից տեսանյութ ու ահազանգել, որ զբոսաշրջային թեժ շրջանում քաղաքային իշխանությունները դրանք նորմալ չեն գործարկում՝ Կառավարության աշխատանքը դիտավորյալ ստվերելու համար:
«Գյումրու քաղաքային իշխանությունն այլևս չի թաքցնում Կառավարության հետ համընթաց չքայլելու իր վտանգավոր քաղաքականությունը։
Զբոսաշրջային թեժ ժամանակահատվածում նորմալ չի շահագործվում Գյումրու այցեքարտը համարվող երգող շատրվանները, որոնց կառուցման և գործարկման համար ՀՀ կառավարությունը միլիոններ է ծախսել։
Մի կողմ թողնելով երգացանկի բովանդակությունը, փաստում ենք, որ շատրվանների այս կիսատ-պռատ աշխատանքը, լուսային և այլ էֆեկտների, մասնավորապես կրակի բացակայությունը, շատրվանների տարածքում աջուձախ տեղադրված առևտրային տաղավարները միտում ունեն քողարկել Կառավարության` Գյումրու նկատմամբ ունեցած վերաբերմունքն ու այս տարածքի առաջնային նշանակությունը` այն վերածելով զուտ հերթական, մեջ-մեջ արվող տարածքներում գործող էժան սննդի կետերի։
Կառավարության նվիրած շատրվանները Գյումրիում ոմանց համար ընդամենը բիզնես հնարավորություն են դարձել` տարածքից վանելով քաղաքի հյուրերին, գնումների անպատրաստ շատ ծնողների, երեկոն ճղճիմ միջավայրից հեռու, մաքուր և զով օդում վայելելու ցանկություն ունեցողներին»,-ասվում է տեքստում:
![]()