Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Հայկական ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչև 2036 թվականը, իսկ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում մի շարք միջազգային գործընկերների հետ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի ատոմակայանը վաղ թե ուշ պետք է փակվի։

«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է։ Այդ ժամկետը 2036 թվականն է։

Ալիևը չի արել այդ գյուտը։ Դա փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետն է՝ 2036 թվականը՝ մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը։ Մենք արդեն հայտարարել ենք, որ մտածում ենք նոր ատոմակայան կառուցելու մասին և բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ընդգծեց Եղոյանը։

Պատգամավորը հավելեց, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև 2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։

«Ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ, քանի որ այդ ժամկետը կա, այն արտացոլվել է համաձայնագրում։ Բայց նաև նշվել է, որ ատոմակայանը պետք է փոխարինվի համարժեք այլ հզորությամբ»,- նշեց Եղոյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ