Մեզ համար կաթողիկոսի աթոռը զբաղեցրած անձն ունի կանոնական խախտում, որի հիմքով չպետք է զբաղեցնի այդ աթոռը

«Քննարկվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, և բոլորս էլ մատնանշեցինք, թե ինչպիսի առանցքային հանձնաժողովի մասին է խոսքը: 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 2613 օրենք, որոնցից 833-ը քննարկվել են հենց այս հանձնաժողովում»:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, այլ վկայում են վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքի ծավալի ու ծանրաբեռնվածության մասին:

Բարձր գնահատելով Արուսյակ Ջուլհակյանի գործունեությունը՝ թե՛ որպես այդ հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահի տեղակալ ու թե՛ որպես հանձնաժողովի նախագահ, Ղազարյանը ասաց՝ նա կարող է կրել այդ պարտականությունը մեծ պատասխանատվությամբ:

Վերջին օրերին, նրա խոսքով, կարմիր թելով անցնում են մի քանի թեմաներ, որոնց չի կարող չանդրադառնալ:

Դրանցից մեկը, օրինակ, ըստ Ղազարյանի, վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նա նկատեց՝ նրանք, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, շարունակում են այդ թեման տաք պահել՝ հստակ իմանալով իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ:

«Մեզ համար կաթողիկոսի աթոռը զբաղեցրած անձն ունի կանոնական խախտում, որի հիմքով չպետք է զբաղեցնի այդ աթոռը: Ամեն ինչ շատ պարզ է, և սա հատկապես կարևոր է ընդգծել այն քննարկման շրջանակում, երբ մենք խոսում ենք օրենքի և իրավունքի մասին:

Ի դեպ, այդ հանգամանքով որևէ փաստարկված և հիմնավոր հերքում որևէ մեկս երբեք չի լսել: Եվ ևս մեկ հստակ բան՝ Հայ առաքելական եկեղեցին այդ անձը չէ, եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին»,- հայտարարեց Ալխաս Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ