Ալիևը լավագույն երազում չէր կարող երազել, որ ՀՀ-ում կարող է գովազդվել «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ Հայաստանում կարող է գովազդվել թուրքական «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը: Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների հայտարարություններին, որ ՔՊ-ն վերածվել է «Ալիևի Փի Ար ընկերության»:

«Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մզկիթ դառնալու պրոցեսը: Չեր կարող երազել, որ մի օր կգովազդվի 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով՝ նոր Սահմանադրության ընդունման շուրջ ծավալված քննարկումներին Չախոյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել դեռ 2020 թվականի հունիսին:

«Իրականում գիտեք ինչի համար եք պայքարում նոր Սահմանադրության դեմ: Մի պարզ պատճառով, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնից՝ կայսրությունից, ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ՝ պայքարելու նոր Սահմանադրության դեմ: Այս Սահմանադրությունը, որը հիմա գործում է ՀՀ-ում բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում ու սա ական է Հայաստանի պետականության հիմքերի տակ դրված: Սա մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությամբ Հայաստանին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ»,-ասել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ