Մեծ դավաճանություն է եղել․ Կամ պետք է կոմպրոմատներ լինեն քո դեմ, որ նման քայլի գնաս, կամ՝ խելագար լինես

«Ոչ կաթողիկոսը, ոչ էլ որևէ հոգևորական անձեռնմխելի անձ չէ։ Որևէ հոգևորական չունի նման կարգավիճակ, այդ կարգավիճակը շնորհվում է պետության կողմից»։ Այս մասին Civic.am-ի տաղավարում հայտարարեց Մասյացոտնի թեմի առաջնորդ, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 հոգևորականների գործով դատական գործընթացին և այն պնդումներին, թե՝ Գարեգին Բ-ն դատարան կանչվելու, դատվելու ենթակա անձ չէ։ «Ինչպես մեր մյուս բոլոր պարզ քաղաքացիները՝ ենթակա են օրենքի առաջ պատասխան տալու՝ իրենց արարքների համար»։ Սրբազանը նկատեց՝ ինքը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացվել, ապաև՝ կարգալույծ է հռչակվել եկեղեցու ներքին ախտերի՝ բարոյականության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության բացակայության մասին բարձրաձայնելու համար։ «Քանի որ եկեղեցում չի գործում որևէ կանոնական ատյան, ես ստիպված պետք է դիմեի դատարան, քանի որ այլ տարբերակ չկա։ Լավ, ես էլ գնացի, հետո՞։ Այսինքն, թողնենք, որ ինքը շարունակի՞ ինչ որ անում է։ Իսկ այն, ինչ նա անում է, աննախադեպ է, այսինքն, հայ եկեղեցին հայոց պետականության դեմ երբևէ չի գործել։ Պատմությունից որևէ մեկը չի կարող այդպիսի օրինակ բերել»։

Մասնավորապես իրեն առնչվող այս դատական գործընթացը, ինչպես սրբազանը պարզաբանեց, ի հայտ եկավ, քանի որ եպիսկոպոսին առնչվող որևէ հարց քննելու համար պետք է ատյան հրավիրվեր, հարցին լուծում չտրվելու դեպքում էլ պետք է եպիսկոպոսաց ժողով հրավիրեր, կանոնադրական ընթացակարգ, որը խախտվել է։ «Եթե ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված կանոնադրությունը չի գործում, բնական չէ՞, որ քո երկրի քաղաքացին իրավունք ունի դիմելու դատարան»։

Հարցին՝ ինչու է Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ընդդիմանում եկեղեցու բարենորոգման գործընթացին՝ այս-այս խնդիրը բարձրաձայնելուն, չէ՞ որ գործընթացի նպատակը եկեղեցու առողջացումն է՝ մեր զրուցակիցը նկատեց․ «Որովհետև եկեղեցին կառավարվում է կլանային մտածողությամբ։ Այն, ինչի մասին մենք բարձրաձայնում ենք, ամենայն հավանականությամբ կասկածի տակ է դնում իրենց շահերը։ Մեր ասածը շահերի բախում է ստեղծում, սպառնալիք է ստեղծում իրենց կառավարման համար։ Իրենք էլ մտածում են՝ ճիշտ կլինի գլխատել, որ այս ձայները կտրվեն։ Ովքեր ուզում են ինչ-որ բան ասել, նրանց ձայները խեղդվում են՝ Տեր Թադեի, Տեր Արամի, Տեր Տարոնի օրինակները ասվածի լավագույն վկայություններն են»։

Անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ ծագած սկանդալին և այն հանգամանքին, որ վերջինս կարգալույծ հռչակվելու փոխարեն շարունակում է լինել Գարեգին Բ-ի կողքին, ի՞նչն է նման հոգատարության, հովանավորության պատճառը, մեր զրուցակիցն արձագանքեց՝ «վախը»։ Իսկ գուցե այն, որ Արշակ Խաչատրյանը ինչ որ ինֆորմացիա՝ կոմպրոմատնե՞ր ունի կաթողիկոսի վերաբերյալ։ «Միանշանակ»՝ եղավ սրբազանի պատասխանը։ Արշակ Սրբազանը, ըստ Գևորգ սրբազանի, «մեկ րոպե անգամ իրավունք չուներ եկեղեցու այսօրվա փաստացի պետի կողքին լինել, ու ինքը գիտի՝ ինչի համար»։ Գևորգ եպիսկոպոսը ի հավելում այս և այլ հայտարարությունների շեշտեց նաև «ես ինձ ուղղակի զսպում եմ, որ շատ բաներ չբացահայտեմ», որպեսզի իր ասածները չդիտվեն որպես վրեժխնդրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ