![]()
«Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս Հայ Առաքելական եկեղեցին:
Երբ ընդունվել է 1995-ի Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ եկեղեցու մասին, կար միայն կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, այդտեղ մտավ դրույթ, ըստ որի՝ եկեղեցին անջատ է պետությունից, ու ասաց նաև, որ օրենքն ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը»:
Այս մասին Ազգային ժողովի նիստում իր ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով պետություն-եկեղեցի քննարկումներին:
«Այս պահին գործող Սահմանադրությունն ասում է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, բայց հետո, երբ խոսում է, մասնավորապես ՀԱԵ-ի մասին, ասում է, որ բոլոր կրոնական կազմակերպություններից բացի՝ ՀԱԵ-պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն՝ մեզ՝ օրենսդիրին, Սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի գանք այստեղ և կարգավորենք պետություն և ՀԱԵ հարաբերությունները. մի բան, որը, ըստ Սահմանադրության, չենք կարող անել ՀԱԵ-ի հանդեպ, օրինակ, չենք կարող հայ կաթոլիկ եկեղեցու մասին օրենք ընդունել»,- նշել է նա:
![]()