![]()
Վերջին տարիներին, ըստ մասնագետների, Լոռիում զբոսաշրջությունը մեծ թափով զարգանում է, ավելանում են հյուրատները, ինչի արդյունքում այստեղ կարելի է հանգիստը կազմակերպել նաև մատչելի՝ վայելելով բնության գեղեցկությունը։
Օգոստոսի 15-16-ին նշվելու է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ակներ գյուղի օրը, լինելու են միջաոցառումներ, համերգ։ Ակներ գյուղում գտնվող Gala Guest House հյուրատան սեփականատեր Գագիկ Ծատինյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ Լոռին հարուստ է պատմամշակության ժառանգությամբ։
«Հյուրատան պատշգամբից երևում է և՛ Սանահինի, և՛ Հաղպատի վանական համալիրը, ինչպես նաև պատմական Կայանբերդը, իսկ հյուրատան դիմաց Լաջվարդ սարն է՝ իր փոքր կովկասյան լեռնաշղթայով։ Հարմար է կատարել քայլարշավ, կազմակերպել նաև ձիավարություն։ Հիմնականում այցելուները մնում են գիշերակացով, երկու-երեք օրով, գնում են դեպի Հաղպատ, Զարնի-Պարնի, Կայանբերդ, Ախթալա, հաջորդ օրը տուր ենք կազմակերպում դեպի Սանահին, Օձուն, Հոռոմայր, մեր բնության գրկում էլ ունենք հին մատուռ, այդտեղ էլ են այցելում»:
Ծատինյանը գլխավոր խնդիրը համարեց այն, որ իրենց գյուղից դեպի Հաղպատ մեքենայի ճանապարհ չկա. «Բնության սիրահարները շատ-շատ են, արշավներ ենք մեզ մոտ շատ կազմակերպում, շատ հյուրեր ենք ունեցել, որ ուղղակի քայլելով բարձրացել են մեր սարերը»:

Գագիկ Ծատինյանը նկատեց, որ ավելի շատ հյուրեր ունենում են այլ երկրներից. «Այս տարի ունեցել ենք հյուրեր Ֆրանսիայից, Բելգիայից, Իսպանիայից, Հոլադիայից և այլ երկրներից: Երբեմն մենք՝ տեղացիներս, չենք գնահատում մեր բնության հրաշք գեղեցկությունը, մարդիկ մեր պատշգամբում մինչև լուսադեմ նստում են, վայելում եմ բացվող տեսարանները»:
Ըստ Ծատինյանի՝ երբեմն խնդիր են համարում նաև Երևանից հեռավորությունը. «Երբ ասում ենք Լոռու մարզ, ասում են՝ հեռու է, շատ են պատահում այդպիսի մարդիկ, ասում են՝ ուզում ենք հյուրատուն Երևանից 50 կմ հեռավորության վրա, մենք Երևանից գտնվում ենք 170-175 կմ հեռավորության վրա: Բայց պետք է նշեմ, որ ով եկել է մեզ մոտ՝ չի զղջում, որ այդքան ճանապարհ է կտրել անցել, մենք մեր հյուրերին միշտ հյուրասիրում ենք, հիմնականում աշխատում ենք հնարավորինս տեղական սննդամթերք մատուցել: Չի եղել որևէ հյուր, որ ասի օրինակ՝ մեզ մոտ թանկ է, մենք միշտ զեղչերով ենք աշխատում՝ կախված հյուրերի քանակից, օրերի քանակից: Ընտանեկան հանգիստ ենք ապահովում, պատահում է 4-5 մեքենայով ընկերներով կամ հարազատներով գալիս մի քանի օր մնում են: Երիտասարդներն են էլ շատ նախընտրում մեզ մոտ գալ, ունենք հյուրեր, որ տարիներ շարունակ գալիս են»:
Gala Guest House-ում մեկ օրը մեկ անձի համար արժե 7000 դրամ՝ ներառյալ նախաճաշը, տրամադրվում է նաև ամբողջ հյուրատունը։
![]()