![]()
Եթե ձեզ թվում է, որ մենք բարեկիրթ ենք և դա նշանակում է, որ լինելու ենք նաև մեղմ, դուք սխալվում եք: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ ձայնագրություններին:
«Մենք լինելու ենք բարեկիրթ, բայց ոչ ոք երբեք չի մոռացել, ու չի մոռացվելու, որ դիմում էիք համակարգված ընտրակաշառքի սխեմայի, որը ձեր համապատասխան քաղաքական ուժերը գործարկել են ինչը ակնհայտորեն բխում է հրապարակված ձայնագրությունից»,-ասաց ԱԺ նախագահը:
Դիմելով «Հայաստան» դաշինքին՝ Ռուբինյանը հարցրեց, թե ինչու էին ձայնագրությունների մեջ իրենց աջակիցները վախենում որոշ բառեր հստակ արտահայտելուց և փոխարենը օգտագործում էին կոդային «քաբաբ» բառը:
«Ինչու էին վախենում, որ այդ բառը ասելուց խնդիրներ կունենային: Կամ խոսում ենք Ղարաբաղից մեր քույրերի և եղբայրների իրավունքներից և լավ ենք անում, բայց կարող եք բացատրել, այդ ինչ ձայնագրություններ էին, որ ձեր թիմի ներկայացուցիչները խոսում են մի ղարաբաղցուց, հայհոյում էին և ասում «էդքան բան արեցինք իրենց համար, ինքը մեզ չի ընտրելու»: Սրանք ինչ տասնյակ ու հարյուրավոր ձայնագրություններ են, որոնցում ենթադրաբար խոսում են մարդկանց փող տալու մասին, որպեսզի իրենց ընտրեն»,-ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով ԲՀԿ ձայներին Ռուբինյանը նշեց, որ խմբակցությունը չի ստացել ձայներ այդ տեղամասերում, որտեղ ըստ ընդդիմության կատարվել էին «ձայների գողություն»:
«Այդ ձայները չկան ի բնե, որովհետև այդ ձայները համարվել են անվավեր»,-ասաց ԱԺ նախագահը:
![]()