Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, 1 ամսով կալանավորվել է

Քասախ համայնքի նախկին ղեկավարը՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, որը կասկածվում է 28 հողամաս օտարելու համար, 1 ամսով կալանավորվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Մ․-ն, որը 1996-2021 թվականներին Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր, և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․ Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց:

Այս ամենի հետևանքով առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից, և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։

Ա․ Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վերջիններս ձերբակալվել են նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»,- ասվում է ՔԿ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ