![]()
Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները չեն նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանի համապատասխան հարցին:
«Այս խոսույթը բավականին զգացմունքային մաս ունի, որը մեր հանրության համար ընկալելի չէ: Բայց, քանի որ իմ հնարավորությունների սահմաններում ես հետևել եմ այդ թվում նաև Ադրբեջանի հասարակության ներսում առկա արձագանքներին, ապա այնտեղ էլ այնպես չէ, որ այս խոսույթը միանշանակ ընկալվում է»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Կարծում եմ հարևան երկրի իշխանությունների կողմից այդ օրակարգը, որը որ ստեղծվել է իհարկե հետապնդում է որոշակի նպատակներ, կարծում եմ այդ նպատակների մեջ կա հնարավոր մաքսիմումը և կա հնարավոր մինիմումը»:
Գաբրիելյանը նաև կարծիք հայտնեց, որ ներկա պահին անհրաժեշտություն չկա ուղիղ ու ամբողջական քննարկում ծավալել «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի ռիսկերի մասով:
«Սակայն միանշանակ է, որ այդ խոսույթը իր մեջ պարունակում է ռիսկ»,-ընդգծեց պատգամավորը:
![]()