![]()
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն օգոստոսի 10-ի նիստին երդմամբ ստանձնել է պատգամավորական մանդատը:
Նախքան երդման տեքստի ընթերցումը Հասմիկ Ենգոյանը ներողություն է խնդրել, որ ՀՀ-ից օբյեկտիվ պատճառներով բացակայելու հիմքով պատգամավորական երդումը հիմա է ներկայացնում:
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել էր երդման նոր տեքստ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը:
![]()