Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ունի գործընկերության կարիք․ ՀՀ-ն վստահելի գործընկեր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը։

Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության հնարավորություններին, առաջիկա ծրագրերին։

Վարչապետին ներկայացվել է, որ Հայաստանում իրականացվող նախագիծը արտացոլում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև զարգացող տեխնոլոգիական համագործակցությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և արհեստական բանականության ոլորտներում համատեղ զարգացման համար։ Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը հանդես է գալիս որպես նախագծի ռազմավարական գործընկեր՝ աջակցելով Հայաստանում առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքի ձևավորմանը և Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։

Հաջորդիվ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ՀՀ Կառավարության անդամներ, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, «Firebird AI» կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ և այլք:

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել. «Նախ՝ թույլ տվեք այսօր բոլորիս շնորհավորել այս իրադարձության և ընդհանրապես օգոստոսի 8-ի առիթով, որովհետև ես զգում եմ, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Եվ այն, ինչ հիմա այսօր տեղի է ունենում, իրականում շատ կարևոր, շատ ծանրակշիռ, բայց այդ կշռի մեջ բազում շերտեր ունեցող իրադարձություն է: Երկար ժամանակ մենք Կառավարությունում հրապարակային և ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը և երբ նախորդ տարի Ռև Լեբարեդյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսայանը պատմում էին մի տարվա, նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին՝ պետք է խոստովանել, որ դա շատ տարօրինակ էր հնչում և անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողություններն այդ առումով:

Եվ ահա այսօր մենք այստեղ ենք՝ ճշգրիտ պայմանավորված տեղում և ժամին: Բայց պետք է արձանագրել, թե ինչն է հնարավոր դարձրել այս ամենը: Իհարկե, ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում՝ Սպիտակ տանը, նախագահ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը և նրա արդյունքն էական և առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում ընդամենը մտադրությունների հուշագիր ստորագրած, որովհետև անընդհատ համոզիչ չէր թվում շատերին մեր այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է և շատ շուտով ունենալու է իր արդյունքը, և ահա արդյունքն այստեղ է։

Արագությունների մասին խոսելով՝ ես նաև ուզում եմ ընդգծել, որ երբ նախորդ տարվա մայիսին գլխավոր խորհրդական Արյե Լայթսթոունը եկավ Երևան և ասաց, որ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ մենք մեկ ամսվա ընթացքում հասնենք խաղաղության գործարքի, մեր զգացողությունները կրկին նույն էին, մենք ասացինք՝ պատրաստ ենք անել մեզնից կախվածը: Եվ արեցինք մեզնից կախվածը, իհարկե, դա մի ամսում տեղի չունեցավ, բայց մոտ երկու ամսում տեղի ունեցավ:

Եվ ես ուզում եմ կրկին ընդգծել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ որպես շրջադարձային իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի համար: Ես այսօր, ի դեպ, զանգահարել եմ Ադրբեջանի նախագահին, և մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարևորության մասին, և սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է: Ես ուզում եմ, որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այս օրն իրականություն դարձնելու համար։

Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել։

Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք միայն հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIPP նախագծի մասին է, և որը ևս մեկ աստիճանով, իհարկե, բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արագություններն ամբողջությամբ իրացնելու ճանապարհին նաև պետք է հասնեն իրենց կուլմինացիային»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ