Թուրքիայի ԱԳՆ մամուլի սրահից հեռացվել է Աթաթուրքի դիմանկարը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի սրահի վերանորոգման աշխատանքներից հետո այնտեղից հեռացվել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը և նրա արտաքին քաղաքական տեսլականը բնորոշող «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում» (Yurtta Sulh, Cihanda Sulh) կարգախոսը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, առաջին անգամ փոփոխությունը նկատվել էր հուլիսի 1-ին, երբ նորացված սրահն առաջին անգամ բացվել էր լրագրողների համար։ Թեև նախարարության աղբյուրները հայտարարել էին, թե վերանորոգումը դեռ չի ավարտվել և խորհրդանիշները կվերադարձվեն իրենց տեղը, սակայն 36 օր անց իրավիճակը մնում է նույնը։

Օգոստոսի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և Սիրիայի ԱԳ նախարար Էսադ Հասան Շեյբանիի համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներն արձանագրել են, որ Աթաթուրքի դիմանկարի փոխարեն դեռևս միայն դատարկ փայտե պատ է, իսկ միջանցքից հեռացված է նաև նախարարության նահատակների հուշարձանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ