Դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյան

«Մենք էլ ենք ուզում, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն, բայց մենք Հայաստանը չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց, որը հազարավոր թելեր ունի կապված, և եթե այդ թելերից 1-ը, 2-ը, 3-ը կտրես, այդ ցանցը մի քիչ կարող է թուլանալ, բայց չի պատռվի, իր կենսականությունը չի կորցնի»:

Այս մասին ԱԺ-ի օգոստոսի 7-ի նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով իշխանության և ընդդիմության տարբերություններին:

«Մենք չենք ասում՝ ա՛ռ քեզ կոմբայն, տո՛ւր մեզ իշխանություն: Մենք այդպես չենք ասում: Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, կոմբա՞յն է պետք, ուրեմն պետք է աշխատենք բոլորով, ստեղծենք արժեք, ձեր գեներացրած հարկերով գնանք և գնենք կոմբայն, տանք ձեզ, մյուս տարի ավելի արդյունավետ աշխատեք, նոր հողեր մշակեք, նոր հողերով նոր արժեք և այդպես շարունակ:

Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է՝ դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ: Սա ֆունդամենտալ տարբերություն է: Դուք ուզում եք մարդկանց վարձով որպես ժողովուրդ գործի ընդունել, ասել, ա՛յ, դուք կլինեք մեր ժողովուրդը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ընդդիմությունը ժողովրդին ասում է՝ մենք ձեզ կապահովենք գործով, դուք մեզ՝ ձայներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ