![]()
«Ամեն բան լավ էր, լարվածություն կար, բայց ոչ թե նրանից, որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացումն էր»:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանը:
«Գոտեմարտերիցս գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել: Սխալներ կային, բայց, փառք Աստծո, այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա»,-նշել է նա:
Հարցին՝ գոնտեմարտերից որը կառանձնացնի, նա պատասխանել է՝ եզրափակչինը, քանի որ ամեն ինչ ըստ պլանի չի գնացել, սխալներ է թույլ տվել, բայց մարզիչների հանգստության ու հուշումների շնորհիվ կարողացել է հաղթել մրցակցին:
Հարցին՝ երբ հաղթեց եզրափակչում, դրոշով հաղթական շրջան կատարեց, ի՞նչ էմոցիաներ ունեցավ մարզիկը, երբ շուրջբոլորը սուլում էին, նա պատասխանել է.
«Սուլոցները և ձայները, այդ պահին, հավատացեք, այդքան էլ չէին հետաքրքրում, որովհետև այդքան կարևոր չէր ինձ համար սուլոցներն ու ձայները, քան իմ՝ այդ պահի վայելելը: Այդ պահն ամեն անգամ չէ, որ կարող ես վայելել: Այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել դրան, իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն և այլ, ուղղակի հպարտություն և հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան»,-նշել է Ջանես Նազարյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:
![]()