Էլթոն Ջոնը միասեռականների հարցով «երկերեսանի» է անվանել Պուտինին

Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Financial Times պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած այն միտքը, որ  Ռուսաստանը «որևէ խնդիր չունի» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ:

Էլթոն Ջոնն Պուտինին մեղադրել է երկերեսանիության համար՝ նշելով, որ իր մասին կենսագրական «Ռոքեթմեն» ֆիլմը լուրջ գրաքննվել է Ռուսաստանում, դրանից հեռացվել են իր և ամուսնու՝ Դևիդ Ֆըրնիշի անձնական կյանքին վերաբերող դրվագները:

Իր թվիթերյան գրառումներում Ջոնը  նշել է.«Հարգելի նախագահ Պուտին, ես խորապես տխրեցի, երբ կարդացի Financial Times-ին տված Ձեր հարցազրույցը: Ես կտրականապես համաձայն չեմ Ձեր այն տեսակետի հետ , որ մշակութային և սեռական բազմազանությունն ընդգրկող լիբերալ քաղաքականությունն այլևս հնացած է մեր հասարակություններում: Բացի այդ, գտնում եմ, որ Ձեր հայտարարությունն այն մասին, որ Դուք ցանկանում եք ԼԳԲՏ անձանց երջանիկ տեսնել և որ Ռուսաստանում դրա հետ կապված խնդիրներ չկան, երկերեսանիություն է»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել Էլթոն Ջոնի քննադատությանը՝ ասելով, որ  Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ վերաբերմունքը հանգիստ է, և որ երաժիշտը թյուր պատկերացումներ ունի՝ երկիրը մեղադրելով երկերեսանիության համար:

«Մեզ մոտ կա օրենք, որի համար մեզ բոլորը քննադատում են. դա անչափահասների շրջանում միասեռականության քարոզի արգելքի վերաբերյալ օրենքն է: Լսեք, եկեք մարդուն թույլ տանք մեծանալ, հասուն մարդ դառնալ, հետո նոր որոշել՝ ինքն ով է: Երեխաներին հանգիստ թողեք։

Հիմա ինչ ասես, որ չկա, արդեն հինգ-վեց սեռ են հորինել: Տրանսֆորմերներ, տրանսգենդերներ և նույնիսկ չեմ էլ հասկանում, թե դա ինչ է: Աստված թող բոլորին առողջություն տա: Պետք է հարգել, սակայն չի կարելի պարտադրել»,-նշեց Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ