![]()
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսման հիմնական պատճառը Հորմուզի նեղուցի վերահսկման հարցն է: Այս մասին Zarkerak.am -ի հետ զրույցի ժամանակ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադարձ կատարելով տարածաշրջանի ներսում ծավալվող վերջին զարգացումներին:
«Վաշինգտոնի նպատակը առնվազն Հորմուզի նեղուցի նախապատերազմյան ռեժիմին վերադառնալն է, իսկ Իրանի նպատակը հակամարտության նախկին փուլում ձեռք բերած առավելությունը՝ այն է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, ինստիտուցիոնալիզացնելն է, որն էլ իր հերթին ենթադրում է փաստաթղթային համաձայնությունների միջոցով նեղուցի վրա վերահսկողության ամրագրում»,-նշել է արևելագետը:
Նրա խոսքերով բարդ է նշելը, թե ինչպիսի ընթացք ու ավարտ կունենա հակամարտությունը, քանի որ կողմերը վճռական են տրմադրված և զիջելու պատրաստ չեն: Ըստ Պետրոսյանի այժմ ընթանում է այսպես կոչված կառավարելի հակամարտություն (որի դեպքում հիմնական դերակատարը (կամ կողմերից մեկը) չի ձգտում լիովին վերացնել հակասությունները, այլ պահպանում է դրանք վերահսկելի սահմաններում՝ սեփական ռազմավարական նպատակներին հասնելու կամ իրավիճակը կառավարելու համար): Ըստ բանախոսի՝ մյուս կողմից հակամարտության բովանդակությունն է նաև ցույց տալիս, որ հանգուցալուծում կարող է լինել բացարձակապես ռազմական եղանակով:
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի վրա ԱՄՆ լիակատար վերահսկողություն հաստատելու և 20 տոկոս հարկեր գանձելու մասին նախագահ Դոնլադ Թրամփի հայտարարությանը՝ Պետրոսյանը նշեց, որ սա «ինստիտուցիոնալ մոտեցում չէ, որովհետև այն ենթադրում է տարածաշրջանում՝ մասնավորապես Պարսից ծոցում, մշտական ամերիկյան ներկայություն, որը կարծում եմ այս պահին հնարավոր չէ»:
Ըստ արևելագետի հակամարտությունը նախկինի տրամաբանության մեջ է՝ ԱՄՆ-ը հարվածում է իրանական օբյեկտներին, իսկ Իրանը տարածաշրջանում ԱՄՆ բազաներին:
«Այլ տրանսֆորմացիա ակնկալելու որևէ հիմք չունենք: Ինչպիսին Միացյալ Նահանգների հարվածներն են, այնպես էլ Իրանի պատասխաններն են և Իրանը քանի դեռ պահպանում է ռազմական բավականաչափ մեծ ներուժ փորձում է որևէ զիջման չգնալ և ԱՄՆ հարվածների հետ համադրելի պատասխաններ տալ»,-եզրակացրեց նա:
Պետրոսյանի գնահատմամբ մյուս կողմից նաև ակնհայտ է, որ Իրանում ներքաղաքական լարվածություններ կան:
«Իրանի ներսում քաղաքական ղեկավարության և ուժային կառույցներից՝ տվյալ դեպքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև կա որոշակի հակասություն: Նկատելի է անգամ որոշումների կայացման առումով փոխադարձ անընդունելիություն՝ ըստ էության փորձ է կատարվում անտեսել մեկը-մյուսի դերակատարումը: Այսինքն կան պատճառներ ենթադրելու, որ գործ ունենք ներքին խնդիրների հետ, ինչն էլ խոսում նրա մասին, որ Իրանի ոչ բոլոր գործողություններն են կանխատեսելի»,-նշեց արևելագետը՝ հավելելով, որ դժվար է ասելը թե սա ինչի կարող է հանգեցնել:
Բնախոսը նաև նշեց, որ ԱՄՆ գործողություններն էլ ինքնին նպատակուղղված են Իրանի ներսում քաղաքական ճգնաժամը խորացնելուն ու գնալ դեպի հակամարտության դեռ ամենավաղ փուլում դրված նպատակին հասնելուն, այն է՝ երկրի ներսում վարչակարգի փոփոխությանը:
Խոսելով Հայաստանի վրա հակամարտության հավանական ազդեցության մասին Պետրոսյանը ասաց. «Հայաստանի պարագայում, ինչպես եղել է հակամարտության սկզբնական ընթացքում նույն իրավիճակը ներկայում է: Եթե մենք գործ ունենանք դասական պատերազմական գործողությունների հետ, այլ ոչ թե նման թիրախային հարձակումների, ապա Հայաստանի համար էական խնդիրներ կարող են առաջանալ՝ թե լոգիստիկ առումով, թե տնտեսական առումով: Այսինքն Իրանի տարածքը, որպես արտաքին աշխարհ ելքի միջոց կդառնա խիստ սահմանափակ, ինչպես Իրանի հետ տնտեսական համագործակցության պարագայում, այնպես էլ Պարսից ծոցի գործընկերների հետ ապրանքաշրջանառության մասով: Ընդհանուր առմամբ այս հակամարտությունը կարող է բացասաբար ազդել Հայաստանի տարբեր համագործակցությունների վրա»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կարող խոչընդոտներ առաջանալ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման համար, բանախոսը նշեց, որ ուղիղ կերպով խոչընդոտ չի կարող լինել, սակայն ձևավորված քաղաքական մթնոլորտը կարող է բացասական անդրադարձ ունենալ: «Ծրագրի կյանքի կոչման ճանապարհին դեռ կշարունակենք կոշտ դիրքորոշումներ տեսնել Իրանից: Չի բացառվում, որ Արևմուտքից էլ դժգոհեն Հայաստան-Իրան հարաբերություններում Երևանի ոչ միանշանակ դիրքորոշումից»,- նշեց արևելագետը:
![]()