![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում:
«Մեր իրավիճակում նրա դերը շատ կարևոր էր նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հասան եզրափակիչ փուլին։ Նախագահ Թրամփը և նրա թիմը միացան գործընթացին և ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Նրանք լիովին հասկացան մեր մտահոգությունները խաղաղության վերաբերյալ։ Նրանք նաև հստակ հասկացան Զանգեզուրի միջանցքի (-խմբ. նկատի ունի TRIPP-ը) կարևորությունը, որը կկապեր Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և նրանք շատ արդյունավետ աշխատեցին՝ համոզելու Հայաստանին, որ այս խաղաղությունը կարևոր է նրա համար»,- ասել է Ալիևը։
Ալիևը նաև հավելել է, որ TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանային տրանսպորտային քարտեզը։
«Նախագահ Թրամփն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող միջանցքն անվանել է TRIPP։ Մեր ստացած տեղեկատվության համաձայն՝ այս նախագծի գործնական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Այս նախագիծն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը, կծառայի Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում համագործակցության նոր դրական միջավայր կձևավորի։ Մեզ դա իսկապես անհրաժեշտ է»,- հայտարարել է Ալիևը։
![]()