![]()
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն քաղաքականությանը և նշել, որ այն հիմա պետք է դառնա առավել սկզբունքային։
«Մենք նաև պետական կառավարման հատվածում շատ լուրջ բարեփոխումներ ենք իրականացնում։ Շատ կարևոր է արձանագրել, որ այդ բարեփոխումների հայեցակարգն ընդունվել է այդ թվում հանրության կողմից, որովհետև մենք կարողացանք հանրությանը ցույց տալ պատճառահետևանքային կապերը։ Ինչպես պետական կառավարման համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով՝ կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին։ Այն կարող է արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, թոշակների բարձրացման համակարգով, անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ և այլն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն մեր քաղաքականությունները վերագործարկելու, թարմացնելու անհրաժեշտությունը։ «Մենք հիմա պետք է լուծենք ՏԻՄ ոլորտում խնդիրը, որովհետև մենք մեզ խաբում ենք։ Եթե ՏԻՄ-երը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ապա նորից պետք է դնել կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգեր։ Կառավարությունը պետք է դա անի։ Այնտեղ չեն կարողանում բարդույթները հաղթահարել։ Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք՝ այսպես է աշխատում կատարողականի գնահատման համակարգը։ Ընդ որում՝ դա պետք է անել անհետաձգելիորեն։ Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027 թվականի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի»,- ասել է Փաշինյանը։
![]()