![]()
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են քաղաքացիներով։ Մասնավորապես, Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջան է վերադարձվել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովը։ Նաղդալյանն անդրադարձել է այն հարցին` արդյոք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակու՞մ էր, թե՞ խոսքը այլ գործընթացի մասին է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա:
Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:
Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը», – ընդգծել է Աննա Նաղդալյանը` հավելելով, որ Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս Ժնևում:
«Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ», – եզրափակել է Նաղդալյանը:
![]()