![]()
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել հանդիպելու Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարը։
«Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում»,- ասվում է գրառման մեջ։
![]()