![]()
Այսօր կառավարությունը Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հնարավորություն տվեց երեք ընկերության: Ընդհանրապես, ներդրումային միջավայրին աջակցելու այս գործիքին անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս միակ գործիքը, երբ ավելացրած արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգում է կամ ազատում են մաքսատուրքից: Վարչապետ նշեց նաև, որ վերլուծել են, թե ինչպես են իրականացվում այս ներդրումները և պարզել են, որ մարդիկ ճշգրիտ կատարում են իրենց պարտավորությունները և չարամտության ոչ մի դեպք չեն արձանագրել: Նա օրինակ բերեց «Ադամյան» հեռուստացույցների արտադրության ընկերությանը և նշեց, որ ՀՀ քաղաքացիները խանութներից կարող են գնել հայկական արտադրության Ադամյան հեռուստացույցներից: Նա նկատեց, որ կան քննադատություններ, թե հեռուստացույցի կոմպոնենտները բերվում են և այստեղ են հավաքվում, բայց դա բնական համարեց և նշեց, որ զարգացումը միանգամից չի լինելու և սկզբում պետք է այդ քայլը լինի:
«Այս գործիքների կիրառման արդյունքում համեմատենք՝ ինչ ունենք անցած տարվա 5 ամիսների ընթացքում և այս տարվա 5 ամիսների ընթացքում: 2018 թվականի 5 ամիսների ընթացքում այս գործիքակազմով 11 ծրագիր է հաստավել՝ 35,2 միլիոն դոլար ներդրումով կամ ներդրումների խոստումով, ինչի արդյունքում բացվել է 502 աշխատատեղ: Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 միլիոն դոլարի ներդրման խոստումով և 2379 աշխատեղով»,-ասաց նա և նշեց, որ ստացվում է, որ ներդրումները աճում են 7 անգամ, աշխատեղերը՝ 4 անգամ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ սա միակ հասցեական արտոնության կիրառությունն է, որի ստացված արդյունքը չափվում է: «Պետք է հաշվի առնենք այդ արտոնությունների վերաիմաստավորումը և մտածենք հասցեական գործիքներ ունենալու մասին»,-ասա նա: Վարչապետը համաձայնեց և նշեց, որ մեր թիրախը պետք է լինի արդյունաբերությունը:
Այսպիսով՝ նախագծերից մեկով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրվեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելուն: Ըստ հիմնավորման՝ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են նոր պտղատու այգիներ հիմնելու համար: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
![]()