![]()
Քննչական գործողությունների արդյունքում 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը:
Կատարվել են արտաշիրիմում, նոր փորձաքննություն, ու պարզվել, որ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախկին փոխնախարար Արծրուն Մարգարյանը ինքնասպանություն չի գործել, նրան սպանել են:
Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով աղմկահարույց գործի նոր մանրամասներ:
Հիշեցնենք՝ 1999 թվականին նախաքննության ընթացքում ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։
Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը, ըստ նախկին քննության վարկածի, իր թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։
Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով վերացրել են Մարգարյանի թիկնապահներ Արսեն Խաչատրյանի և Արմեն Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և Արծրուն Մարգարյանի սպանության մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին 1999 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները։ Թիկնապահներն այժմ կրկին մեղադրյալներ են:
![]()