![]()
5-10 օր Լարսի անցակետում մնացած մեքենաներ, ուշացումներ վայլդբերիսից, բեռների կուտակում․ ինչ է կատարվում Լարսում։
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Կարեն Ղարագյոզյանը Zarkerak.am-ին ասաց, որ հայկական մեքենաները անցակետի հերթում կանգնած են. «Ենթադրաբար խնդիրը ռուսական կողմի հետ է կապված: Որոշ ժամանակ առաջ ինչ-որ ապրանքներ հեշտ ձևակերպում էին, հիմա ավելի բարդ է, հավանաբար խնդիրը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ բեռներում առկա են տարբեր տեսակի ապրանքներ՝ նույնիսկ փչացող և հստակ լուր չունեն, թե երբ կբացվի։
Wildberries-ի աշխատակիցներից էլ ասացին, որ ապրանքների ուշացումների հարցով իրենց պարզաբանում չեն տվել. «Միայն առաքիչները նշում են, որ խնդիրը կապված է մաքսազերծման հետ և եթե նախկինում բեռնատարները ստուգում էին մոտ 2 ժամում, այժմ՝ ավելի մանրակրկիտ՝ մոտ 10 ժամ»,-նշեց աշխատակիցը։
Նա նաև հայտնեց, որ 1 ամիս ուշացումներ են գրանցվում, մարդիկ շատ են բողոքում:
Նշենք, որ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ խնդիրը կլուծվի մինչև հունիսի 7-ը, իսկ բեռնատարների կուտակումը կապված է զբոսաշրջային հոսքերի մեծացման և ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության հետ, խնդիրը նաև տեխնիկական է։
![]()