
2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն և քննիչները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում իրականացնում են քննչական գործողություններ։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ իրավապահների՝ Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող, 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք՝ Վանաձորում մեծ հանրահավաքի ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ԱԱԾ-ն սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։
![]()