Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Վերիշենի երիտասարդական կենտրոնում այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև։

Եռակողմ հուշագրի նպատակն է պետության, տեղական ինքնակառավարման մարմնի և քաղհասարակության համագորակցությամբ երիտասարդական կենտրոնի զարգացմանն աջակցելը, ինչպես նաև երիտասարդների համար ստեղծարար, զարգացնող և ակտիվ միջավայր ձևավորելը՝ համայնքային կյանքում նրանց առավել ներգրավվածությունն ապահովելու նպատակով։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և «Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամի» ղեկավար Ռուզաննա Տոռոզյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Հուշագրի հիմքում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներն ու առաջնահերթություններն են։ Կողմերը պարտավորվում են համատեղ համագործակցությամբ շարունակաբար զարգացնել համայնքներում գործող երիտասարդական միջավայրերը՝ կարևորելով դրանց դերը երիտասարդների համար տարբեր ծառայությունների մատուցման գործում։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, ակտիվ քաղաքացիության խթանմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, ինչպես նաև հնարավորությունների և առկա խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Հուշագրի ստորագրումից հետո ներկաները շրջել են երիտասարդական կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին։

Ի դեպ, Վերիշենի երիտասարդական կենտրոնում երիտասարդները ոչ միայն սովորում ու նախաձեռնություններ են իրականացնում, այլև ստեղծում սեփական մեդիա հարթակները։

Այսօր նրանց փոդքաստի հյուրը նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որի հետ երիտասարդները խոսել են կրթական ծրագրերի, համայնքային կյանքի ակտիվացման և երիտասարդական հնարավորությունների մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ