![]()
Ազգային ժողովի մայիսի 6-ին գումարված հերթական նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Լոռու մարզում նախատեսվում է ձեւավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:
Սյունիքի մարզում առաջարկվում է ձեւավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթեւ եւ Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:
Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:
Փոխնախարարի խոսքով մինչ օրս իրականացված 96 միավորման ծրագրերի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը 908-ից դարձել է 63: Նա ընդգծել է, որ շրջանային մոդելով խոշորացումը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ապահովելով համայնքների կառավարման բարելավում, ռեսուրսների արդյունավետ ներգրավում, ներդրումային ծրագրերի իրականացում եւ մասնագիտական ներուժի զարգացում:
Կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին շարունակել վարչատարածքային բարեփոխումները՝ շրջանային մոդելի կիրառմամբ: Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք, եւ նախագծի ընդունման դեպքում դրանց թիվը կդառնա 64, իսկ 7 համայնքներ կշարունակեն մնալ չխոշորացված:
Առնակ Ավետիսյանն ընդգծել է, որ նախագծի շուրջ քննարկումներ են անցկացվել շահագրգիռ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ համայնքների խոշորացումը երկարատեւ գործընթաց է անցել, եւ փորձը ցույց է տվել, որ հաջողել է:
![]()