![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Ռոբերտ Քոչարյանը ռուս լրագրողին «տրտնջացել է» իր գլխավոր սխալի մասին, այն է՝ Սերժ Սարգսյանին իրավահաջորդ դարձնելը։ Բայց Ռոբերտ Քոչարյանը ստում է, թե ինքն է սրտանց որոշել, որ Սերժ Սարգսյանն է իրավահաջորդ լինելու։
2005-07թթ․ Ռոբերտ Քոչարյանի գլխավոր պլանը Վարդան Օսկանյանին դաշնակներով ու Գագիկ Ծառուկյանի նոր ստեղծվելիք կուսակցությամբ իրավահաջորդ կարգելն էր, որպեսզի Պուտինի նման ինքն էլ վարչապետ նստի։ Սերժ Սարգսյանը շատ լավ տեղյակ էր Քոչարյանի այս ցանկություններից ու Քոչարյանի համար անակնկալ դաշինքի գնաց Անդրանիկ Մարգարյանի հետ, որի ղեկավարած ՀՀԿ-ն սուսուփուս տեղերում վերցրել էր ՏԻՄ իշխանությունների մեծ մասը, որոնք վճռորոշ էին լինելու ընտրություններում։ Եթե Անդրանիկ Մարգարյանի մահը ՀՀԿ-ում բացեց Սերժ Սարգսյանի նախագահական ճանապարհը, ապա Գագիկ Ծառուկյանի պրոյեկտի ուշացումն ու ՀՅԴ-ի թուլությունը մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանին կանգեցրեցին Սերժ Սարգսյանի նախագահական իրավահաջորդության փաստն անայլընտրանք ճանաչելու առջև, ինչը և տեղի ունեցավ։ Բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանի պլանները ենթադրում էին մինչև 5 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանից իշխանության ետ վերցնում /2012-ին ԲՀԿ-Օսկանյան տանդեմը հենց այդ խնդիրն էր փորձում լուծել/, Ռոբերտ Քոչարյանին պետք էր, որ Սերժ Սարգսյանը աթոռը ստանձնի արյունով ու չկարողանա այն պահել 5 տարուց ավել․․․
Ահա թե ինչու էր Ռոբերտ Քոչարյանին պետք Լևոն Տեր-Պետրսյանը 2008թ․, որը նախագահական մրցավաքը սկսեց հենց 2007թ աշնանից՝ Սերժ Սարգսյանին զուգահեռ։
Թերևս, Ռոբերտ Քոչարյանը չի էլ հասկացել, թե ռուս լրագրողի հետ հարցազրույցում ինչ ինքնախոստովանություն է արել 2008թ․ մարտ 1-ի մասին՝ որպես Սերժ Սարգսյանին թուլացնելու անհրաժեշտություն։ Սերժ Սարգսյանի մերձ թիմակիցները փակ զրույցներում շատ կտրուկ մեղադրում էին հենց Ռոբերտ Քոչարյանին՝ մարտի 1-ով Սերժ Սարգսյանի ապալեգիտիմացման համար, որտեղ Քոչարյանի հեռահար գործիքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր․․․ Բայց Սերժ Սարգսյանն էլ դրա համար պատժեց Քոչարյանին, որը եռակողմ բանակցությունում պահանջել էր իրեն 2008թ․ վարչապետ նշանակել, իսկ Սարգսյանը պատճառաբանել էր, թե դա չի կարող անել, քանի որ տեղի է ունեցել մարտի 1։ Բանակցություններին ներկա երրորդ կողմի՝ մի օլիգարխի պասով վարչապետ էր նշանակվել Տիգրան Սարգսյանը, որի թեկնածությանը Քոչարյանը չէր կարողացել առարկել, ու հույս էր փայփայել, որ քիչ անց նրան պաշտոնանկ կանի ու կգա վարչապետ։ 2009թ․ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի թեմաներով ԲՀԿ-ի ընդդիմացումը Տիգրան Սարգսյանի կառավարությանը հենց փորձում էր այդ խնդիրը լուծել, սակայն Սերժ Սարգսյանը ոչ միայն պահեց իր կառավարությանն ու վարչապետին, այլ հետագա բոլոր փորձորում՝ 2012թ․, 2013թ․ կազմաքանդեց Օսկանյանին էլ, Ծառուկյանին էլ․․․․
Թերևս, Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին, անկախ փոխադարձ նողկանքից, միավորում էր ռուսականությունը, այն դեպքում երբ Սերժ Սարգսյանը 2008թ․ մարտի 1-ից հետո արագ հասկացավ, որ իր և Հայաստանի շահերից է բխում Հայաստանը ռուսական ճահիճ մտցրած այդ երկուսի քաղաքականության վերանայումն ու ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումը։ Սակայն Սերժ Սարգսյանի լեգիտիմության խորտակումը հենց մարտի 1-ով մեկընդմիշտ խանգարելու էին այդ արդյունքին հասնելը, ինչպեսև հանուն աթոռի պարտադրելու էին նրան համաձայնել բոլոր ճակատներում առաջարկվող հակահայկական լուծումներին՝ Արցախի խնդրից մինչև եվրաասոցացման համաձայնագրերից հրաժարում ու ԵԱՏՄ անդամակցություն․․․
Այսօր Քոչարյանը փակագծեր է բացել՝ որ ինքը սխալ է համարում Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը։ Դա ճիշտ է։ Այդուհանդերձ, նրա համարձակությունը չի հերիքում ասել, որ Սերժ Սարգսյանն ինքն է Քոչարյանին պարտադրել իր անձը որպես իրավահաջորդ, որը նա մերժել չէր կարողացել․․․ Բայց Քոչարյանը անուղղակի բացահայտում է նաև, թե ինչո՞ւ էր իրեն(ց) պետք 2008թ․ մարտի 1-ը․․․
Սերժ Սարգսյանն այսօր բառացիորեն ասել է, որ տասնամյակներով ինքը Քոչարյանի «հիասթափությունների» մասին լսել է տարբեր երկրորդական աղբյուրներից, և վերջապես այսօր դա «սկզբնաղբյուրից» լսեց․․․ Իսկ Սերժ Սարգսյանը նաև լավ գիտի, թե ո՞վ և ինչո՞ւ էր իր ոտքի տակ ականները դնում դեռ 2008թ․-ից սկսած, հետո իր դեմ պայքարում անգամ Ռուսաստանի ու Կրեմլի շարասյուների միջոցով․․․ Սա Սերժ Սարգսյանի կողմից դեռևս չասվածն է, բայց նա դա վստահաբար գիտի, ուղղակի դեռևս խնայում է Քոչարյանին․․․
Ու այս սպեցիֆիկ կոնֆլիկտն էր պատճառը նաև, որ 2018-ին Սերժ Սարգսյանը հրաժարվեց իշխանությունը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին ու նրա մարդուն՝ Գազպրոմի Կարեն Կարապետյանին, նախըտրելով իշխանության փոխանցումը Նիկոլ Փաշինյանին։ Ու սա առավել քան չեն ներում նրան Ռոբերտ Քոչարյանը, Կրեմլը և արդեն նաև’ Լևոն Տեր-Պետրոսյանը․․․
Դրա համար էր մարտի 1-ին մասին մոռացել են բոլորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ից մինչև Քոչարյան․․․ Իսկ Սերժ- Սարգսյանը դժվար թե դա մոռանա․․․
![]()